Նիկոլ Փաշինյանը ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզի N զորամաս։ Այս մասին գրել է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Մեր պարտքը մեր նահատակների առաջ ուժեղ, արդար, օրինական, հպարտ եւ երջանիկ երկիր կառուցելն է: Եվ մենք իրավունք չունենք թույլ տալ, որ մեր նահատակների արյունն իզուր հեղված լինի: Մեր Հայրենիքը, նրա շենությունը, նրա զարգացումը, նրա հպարտությունը մեր ամենամեծ հարգանքը պիտի լինի մեր նահատակներին: Եվ այդ հպարտության առաջին գծում կանգնած է Հայոց հերոսական բանակը»,-ասել է Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մի շարք զինծառայողների հանձնել է պետական պարգեւներ:
«Պարոնայք գեներալներ և սպաներ,
ենթասպաներ, սերժանտներ, շարքայիններ,
Այսօր այստեղ՝ երկրորդ բանակային կորպուսում մենք պարգևատրման արարողություն իրականացրեցինք մայիսի 9-ի եռատոնի առիթով: Պատահական չէ, որ 44-օրյա պատերազմից հետո մենք հենց այստեղ այս պարգևատրման արարողություններն իրականացրեցինք, որովհետև պատերազմի ընթացքում երկրորդ բանակային կորպուսը պսակվեց փառքով, բարձր մարտունակությամբ: Մեր բոլորի, մեր բանակի, մեր ժողովրդի, մեր պատմության պատիվը բարձր պահեց, մեր բազմաթիվ եղբայրներ ընկան, վիրավորվեցին, բազմաթիվ եղբայրներ հերոսաբար կանգնեցին հայրենիքի պաշտպանության դիրքերում, ոչ միայն երկրորդ բանակային կորպուսում, այլև ընդհանրապես Հայոց բանակում:
Բայց այսօր եռատոնը մենք նշում ենք դառնությամբ, խառը զգացումներով, կսկիծով, ինչ-որ տեղ պարտության դառնությունը մեր սրտում պահած, բայց վկա է Աստված, որ մենք այս ընթացքում բացարձակապես ոչինչ, որևէ բան չենք խնայել Շուշիի ազատագրման հերոսների ու նահատակների գործն ու փառքը պաշտպանելու համար: Եվ մենք այսօր նույնկերպ պիտի ամուր կանգնենք մեր նախնիների և սերունդների երազանքներն ու հայրենիքը պաշտպանելու գործում, որովհետև Հայաստանի Հանրապետությունն այսօր կա և կանգուն է, Արցախի Հանրապետությունը թեկուզ վիրավոր, բայց կանգուն է, հայ ժողովուրդը թեկուզ վիրավոր, բայց կանգուն է»:
Մանրամասները՝ տեսանյութում.