Խրոնիկ դարձած խնդիրներից է, որ պետական անհետևողական քաղաքականության պատճառով 18 տարին լրացած չափահաս անձինք շարունակում են բնակվել երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում` երեխաների հետ միասին: Սրա հետ է կապված մտահոգիչ խնդիրը, որ այդ հաստատություններում (օրինակ` մանկատներ և այլն) հաշմանդամություն ունեցող երեխաներին ինքնուրույն կյանքի հմտություններ չեն սովորեցնում։ Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում հաշմանդամություն ունեցող չափահաս դարձած սաների գտնվելու հիմնական պատճառն այն է, որ տարիներ շարունակ պետությունը չի ձեռնարկել նրանց ինքնուրույն կյանք վարելու հմտություններ սովորեցնելուն ուղղված միջոցներ՝ նրանց կարիքների և զարգացման հնարավորությունների գնահատման համապատասխան:
Այս մտահոգիչ իրավիճակը շարունակվում է նաև ներկայում: Այս խնդիրներն էլ իրենց հերթին հանգեցնում են երեխաների, իսկ հետագայում արդեն չափահաս դարձած մարդկանց իրավունքների, արժանապատվության ու լավագույն շահերի ոտնահարման: Այս մտահոգիչ վիճակն իր հերթին տանում է հասարակությունից մեկուսացման, երեխաները չափահաս դառնալուց հետո չեն կարողանում լիարժեք ինտեգրվել կյանքին, ապրել անկախ ու արժանապատիվ կյանքով:
Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ մանրամասն նկարագրված են երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում 18 տարին լրացած սաների խնամվելուն, նրանց և այդ հաստատությունների շրջանավարտների, ինչպես նաև շրջանավարտ չհամարվող նախկին սաների ինքնուրույն կյանք վարելուն, հասարակությունում լիարժեք ներգրավվելուն և բնակարանային ապահովմանը վերաբերող խնդիրները:ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների համաձայն՝ 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Խարբերդի մասնագիտացված մանկատանը խնամվել է 145 չափահաս անձ, իսկ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը՝ 23 չափահաս անձ: Նշված հաստատություններում խնամվող բոլոր չափահաս անձինք ունեն հաշմանդամություն:
«Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ը տեղեկացրել է, որ 2020 թվականի փետրվար ամսին նախկինում հաստատությունում բնակվող 8 չափահաս անձինք տեղավորվել են «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի ՀՀ Արարատի մարզի Գեղանիստ համայնքում գտնվող խմբային տանը և 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաստատությունում չի բնակվել որևէ չափահաս անձ: «Հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ը տեղեկացրել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաստատությունում բնակվել է 24 չափահաս անձ՝ 15 տղա և 9 աղջիկ: Այս հաստատությունում բնակվող բոլոր չափահաս անձինք ևս ունեն հաշմանդամություն:
Դրական են հաստատությունների շրջանավարտներին բնակարաններով ապահովելու ուղղությամբ 2020 թվականի որոշակի աշխատանքները: 2019 թվականին բնակարանի գնման վկայագիր ձեռք բերելու իրավունք է ստացել մանկատան 55 շրջանավարտն, իսկ 2020 թվականին նրանց թիվն ավելացել է՝ դառնալով 149, բայց այս հարցերում էլ չկան ինստիտուցիոնալ երաշխիքներ»,- գրել է ՄԻՊ-ը։