Մանդատները վերցնել- չվերցնելու վերաբերյալ «Հայաստան» դաշինքը հայտարարությամբ հանդես կգա։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ հայտարարությունը կլինի այսօր կամ վաղը։
Ավելի վաղ Արամ Վարդևանյանը հայտարարել էր, որ մանդատները վերցնել-չվերցնելու վերաբերյալ կխոսեն ՍԴ որոշումից հետո։
Նկատենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մանդատ չի վերցնելու և չի գնալու խորհրդարան։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ» դաշինքը` 7։
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 658 761 ձայն կամ ընտրողների ձայների 53.91%–ը, «Հայաստան» դաշինքը ստացել է 269 481 ձայն կամ 21.09%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը` 66 650 քվե կամ 5.22%։
Հիշեցնենք, որ չորս քաղաքական ուժ՝ խորհրդարան անցած «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաև անցողիկ շեմը չհաղթահարած «Հայոց Հայրենիք»ու «Զարթոնք» կուսակցությունները դիմել են Սահմանադրական դատարան Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ էլ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։
Սահմանադրական դատարանն էլ որոշել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշումը թողնել ուժի մեջ։
Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։