Արդեն 12 օր է, ինչ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչինչ չի հաղորդում առաջնագծի Սոթք-Խոզնավար հատվածի, Սև լճի տեղամասում անհայտ պատճառներով անհետացած 2 հայ զինծառայողների մասին։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
«Թե սա ինչ վտանգավոր ազդանշաններ է փոխանցում հանրությանը սահմանագծի առանձին հատվածներում, զինված ուժերում տիրող իրավիճակի մասին, դեռ չեմ խոսի։ Չնայած առանց այդ էլ ամեն ինչ շատ պարզ է։ Սրանք մտածում են, որ հայեցակարգեր մշակել/ընդունելով կամ ծառայություն կրճատելով կարողանալու են բարեփոխման իմիտացիա ստեղծել։
Իրականում, ինչպես մյուս համակարգերում, զրոյացման գործընթաց է»,- հավելել է նա։
Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ հուլիսի 14-ի լուսադեմին մառախուղի պայմաններում ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, որոնք դեռևս արդյունք չեն տվել։