Օգոստոսի 19-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մամուլում իրականությանը չհամապատասխող մի շարք տեղեկություններ են շրջանառվում։ Այս մասին հաղորդում են ՀՀ ՊՆ-ից։
Համոզիչ կերպով խնդրում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը և չտարածել կեղծ տեղեկություններ դեպքի պատճառների, առավել ևս՝ զոհված զինծառայողների ստացած վնասվածքների վերաբերյալ։ Նման տեղեկությունների տարածումը ձեռնտու է բացառապես հակառակորդին։
Ընթանում է քննություն, որը լիարժեք կպարզի դեպքի բոլոր հանգամանքները, և հանրությանը պատշաճ կերպով կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն։
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։ Դեպքի հանգամանքները պարզվում են։