«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է ընդլայնել «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագիրը և հանդես է եկել նախագծերի հայտերի ընդունման ևս մեկ կոչով: Երեկ, երբ նշվում էր Մարդասիրության համաշխարհային օրը, «Ավրորան» ուրախությամբ տեղեկացրել է, որ գրասենյակ է բացել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում՝ ավելի արդյունավետ դարձնելու տեղում «Ավրորայի» մարդասիրական գործունեությունը, ամրապնդելու տարածաշրջանում իր ներկայությունը եւ նպաստելու Արցախի դիրքերի ամրապնդմանը միջազգային ասպարեզում։ Այս մասին հայտնում է նախաձեռնության պաշտոնական էջը։
«ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագրի միջոցով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն օգնում է Արցախի ժողովրդին, որը 2020 թ. Արցախյան պատերազմից հետո հայտնվել է հումանիտար ծանր ճգնաժամի մեջ: Ծրագիրը, որն սկզբում ուղղված էր պատերազմից տուժած մարդկանց հրատապ օժանդակություն տրամադրելուն, այսօր աջակցում է նախագծերի, որոնք խթանում են տարածաշրջանի սոցիալական երկարաժամկետ զարգացմանը: Այս բնագավառում աշխատող և տեղում օգնության կարիք ունեցող ցանկացած կազմակերպություն կարող է հայտ ներկայացնել:
«Ստեփանակերտում «Ավրորայի» գրասենյակ ունենալը վկայում է այն մասին, որ մենք այստեղ ենք երկար ժամանակով: Տասնյակ տեղական և միջազգային գործընկերներ են միացել մեր ծրագրին, և շատ կարևոր է, որ այդ նախագծերը տեղ գտնեն գլոբալ համատեքստում ու կապվեն Արցախի ներկա իրավիճակի հետ: Սա պարզապես գրասենյակ չէ, այլ շահագրգիռ կողմերի համար մի տարածք, ուր իրենք կարող են գալ և ներկայացնել իրենց փորձը՝ վստահ լինելով, որ ոլորտի բոլոր հումանիտար ջանքերը լավ համակարգված են: Համագործակցության նման բանաձևը կարող է ոչ միայն օգնել Արցախին, այլև ամբողջ աշխարհում օրինակ դառնալ բոլորի համար», – նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, որն այս ամսվա սկզբին Ստեփանակերտում էր:
Ֆինանսական աջակցության կարիք ունեցող կազմակերպությունները կարող են դիմել «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագրին․ հայտերն ընդունվում են առցանց մինչև 2021 թ. օգոստոսի 31-ը: Լրացված դիմումաձևը (հայերեն կամ անգլերեն) անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ. հասցեին։ Գործընկերները պետք է բավարարեն վերը նշված չափանիշները: