Սեպտեմբերի 16-ին Դուշանբեում Հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովից հետո Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը կանցնի Հայաստանին:
Այս մասին օգոստոսի 23 -ին լրագրողներին հայտնեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Նրա խոսքով՝ ներկայումս Հայաստանն աշխատում է ՀԱՊԿ-ում հանրապետության նախագահության առաջնահերթությունների ձևավորման վրա:
«Այս հարցը քննարկվեց Երևան կատարած իմ ուղևորության ընթացքում, մենք հայտնեցինք մեր առաջարկները, աշխատանքներն ընթացքի մեջ են, և այդ պատճառով դեռ վաղ է խոսել գալիք տարվա նախագահության առաջնահերթությունների մասին»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Նա ավելացրեց, որ Հայաստանը միշտ շատ ակտիվ դիրք է զբաղեցրել կազմակերպությունում`անընդհատ ցուցադրելով ՀԱՊԿ -ի ամրապնդման և զարգացման իրական շահագրգռվածություն:
«Հետևաբար, ես վստահ եմ, որ այս առաջնահերթությունները թույլ կտան որոշակի քայլեր ձեռնարկել կառույցի արդյունավետությունը բարձրացնելու համար»,- ասաց Ստանիսլավ Զասը: