2021 թ. մայիսի 12-ին ՀՀ ոստիկանությունը անվավեր ճանաչեց Տավուշի բաժնի ծառայողների կողմից օրենքի խախտմամբ կայացված վարչական ակտը, որը Մ. Բ. -ին ենթարկել էր 100,000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության` արտակարգ դրության կանոնները չպահպանելու համար։
Դեռևս 2020 թվականի մայիսի 27-ին Մ.Բ.-ն ենթարկվել էր 100,000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության` տնտեսական գործունեություն իրականացնելու ընթացքում արտակարգ դրության կանոնները չպահպանելու պատճառով։
Հատկանշական է, որ վարչական ակտը կայացվել է հիմք ընդունելով ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182․3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, որը վերաբերում է միայն տնտեսական գործունեություն իրականացնող անձանց․ այդ ժամանակահատվածում Մ.Բ.-ն իրեն պատկանող տարածքը տվել է այլ անձանց վարձակալության՝ տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար, այսինքն՝ ինքը անձամբ որևէ ձեռնարկատիրական գործունեություն չի իրականացրել, այլ աշխատել է որպես հրշեջ-փրկարար` լինելով պետական աշխատող, ինչը արդեն իսկ հակասում էր կայացված վարչական ակտում ներկայացված փաստերին։ Այսպիսով` այն ամբողջովին անհիմն էր և չէր բխում ՀՀ Սահմանադրությունից` հակասելով մարդու իրավունքների սահմանափակման վերաբերյալ ՀՀ օրենսդրության ամբողջ էությանը։
Այսպես՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ին Մ.Բ. -ի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Սամսոն Գալստյանը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան` պահանջելով առ ոչինչ ճանաչել ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի կայացրած վարչական ակտը։