Պատվաստվելը պետք է լինի մարդու կամավոր և գիտակցված ընտրությունը, այլ ոչ թե պարտադրանքը կամ փակուղու առաջ կանգնեցնելը։
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ տեղի ունեցող աշխատանքային հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Արեգնազ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ եթե պետությունն ամսական 2 անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք է պահանջում, ապա ֆինանսական բեռը պետք է վերցնի իր վրա, ոչ թե այն թողնի աշխատողի վրա, որն առանց այն էլ սոցիալական դժվարին վիճակում է։
Մանուկյանի խոսքով՝ կառավարությունն օգտագործում է աշխատող քաղաքացիներին կորոնավիրուսի դեմ պատվաստման իրականացման համար։
Նրա խոսքերով՝ սա խնդիր կառաջացնի ոչ միայն աշխատակից-գործատու հարաբերությունների մեջ, այլև կոռուպցիոն ռիսկեր կստեղծի։ Շատ քաղաքացիներ ավելորդ քաշքշուկից խուսափելու համար կարող են ձեռք բերել անօրինական փաստաթղթեր։ Պատգամավորն ասաց, որ քաղաքացիների համար վատ օրինակ է, երբ նույն դիմակը ելույթից առաջ դրվում է ամբիոնին, իսկ ելույթից հետո՝ դրվում դեմքին։ Մանուկյանի խոսքով՝ այդ պրակտիկան ԱԺ-ում բազմիցս նկատվել է նաև առողջապահության նախարարի կողմից։