«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան» դաշինքը շարունակում է մարզային այցելությունները: Այսօր նախատեսում են մեկնել Գյումրի, վաղը՝ Արմավիր, հիմնական այցելությունները շաբաթ-կիրակի են անում: Անցած շաբաթ Կոտայքում էին, դրանից առաջ՝ Լոռիում եւ Արագածոտնում: Այս այցերը որոշել են եզրափակել երեւանյան հանրահավաքով, որի օրը, նախնական ծրագրով, նոյեմբերի 9-ին է՝ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման օրը, կամ 11-ին:
Սակայն չի բացառվում, որ մարզերից ստացած «բացասական ազդակները» հանրահավաքը չեղարկելու պատճառ դառնան»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ իշխանության թևում արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն: Բանն այն է, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը որոշել է, որ ղեկավարն ինքն է ու իր թիմի անդամների մասով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ դավեր է նյութում: Հարությունյանն արդեն չի էլ թաքցնում դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստերի ժամանակ»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն գրել ենք, որ Ռուստամ Բադասյանը ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո համակարգում կադրային ջարդ է սկսել: Ընդ որում, հեռանում կամ հեռացվում են հիմնականում փորձառու, գրագետ կադրերը:
ՊԵԿ-ից մեզ պաշտոնապես պատասխանել են, որ 104 աշխատող հեռացել է ՊԵԿ-ից` սեփական դիմումի համաձայն: Մասնավորապես տեղեկացանք, որ Բադասյանը` ՊԵԿ նախագահ նշանակվելուց անմիջապես հետո, աշխատանքից հեռացրել է Արթուր Վանեցյանի մորեղբորը` Արամ Ազարյանին, որը մաքսային վարչությունում բաժնի պետ էր աշխատում»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը 2022-ի փետրվարի 23-ին ավարտվում է, ու ինչպես պարզ է դառնում իշխանության ներակայացուցիչների հայտարարություններից, Փաշինյանի թիմակիցները մտադիր չեն նրան նորից վերընտրել այդ պաշտոնում:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է, որ Թաթոյանի պաշտոնավարման ավարտից հետո «Քաղաքացիական պայմանագիրը» կներկայացնի ՄԻՊ գրասենյակի ղեկավարի իր թեկնածուին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունն այդ պաշտոնի համար դիտարկում է նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի թեկնածությունը»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Գեղարքունիքի մարզի մի խումբ ձկնորսներ փակել էին Երևան-Սևան մայրուղին՝ դժգոհելով, որ իրենց թույլ չեն տալիս ձուկ որսալ Սևանից։ Նրանք նշում էին, որ սահմանված չափաքանակը լրացել է, իրենք շարունակել են ձկնորսությամբ զբաղվել, բայց ձկնորսական նավակները ուժով հեռացրել են տարածքից։ Ձկնորսները դժգոհում էին նաև սահմանված չափաքանակից, քանի որ, իրենց խոսքերով, հազիվ 4-5 ձուկ են կարողացել որսալ՝ ընտանիք պահելու համար։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս երկու խնդրի միջև «գործում» են որոշակի շրջանակներ, որոնք մի կողմից՝ շահարկելով սոցիալական գործոնը՝ «բզբզում» են թեման, այդ թվում՝ կազմակերպելով նաև «ճանապարհի փակում» օպերացիան, մյուս կողմից՝ փորձում են «կոտրել» շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին, որը փաստացի պատերազմ է հայտարարել անօրինական ձկնորսությանը»։