«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը վստահեցնում է՝ առաջիկայում Մոսկվայում պաշտոնական հանդիպում նախատեսված չէ: Ինչ վերաբերում է առհասարակ հանդիպումներին, ապա դրանք պետք է լինեն, քանի որ մենք սահմանազատման, սահմանագծման, սահմանների հետ կապված հարցեր ունենք: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշեց, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան ճանապարհ է ստանալու»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 24-25-ը ԱՄՆ հայ համայնքը կազմակերպել էր հայկական ուտեստների եւ արվեստի փառատոն: Նպատակը հայկական խոհանոցը, արվեստն ու արհեստներն ամերիկյան հասարակությանը ներկայացնելը եւ հանրայնացնելն էր: Բացօթյա միջոցառմանը հարյուրավոր մասնակիցներ են եղել՝ հայ համայնքից, հարյուրավոր ամերիկացիներ, որոնց հետաքրքրել են Հայաստանը եւ նրա մշակույթը: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, միջոցառմանը չի մասնակցել դեսպան Լիլիթ Մակունցը, ինչը վիրավորել է միջոցառման կազմակերպիչներին, քանի որ նման մակարդակի միջոցառումներ համայնքում կազմակերպելը չափազանց բարդ է»:
«Իրավունք» թերթը գրում է. «Հայաստանի պետական, կուսակցական, հասարակական գործիչ, գրող եւ հրապարակախոս Վանո Սիրադեղյանի աճյունը Հայաստան տեղափոխելու կոնկրետ ժամկետները դեռ հայտնի չեն: Անգամ մերձավոր հարազատներն այդ մասին դեռ հստակ պատկեր չունեն: Ամեն դեպքում, Վանո Սիրադեղյանի որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը, պատասխանելով մեր հարցինª միայն նշեց. «Տեղափոխման գորընթացն այս պահին ընթանում է: Բայց թե երբ արդեն հայրիկիս աճյունը վերջնականապես կլինի հայրենի երկրում, ցավոք, հստակ նշել չենք կարող: Բայց այն, որ հայրիկիս աճյունը անպայման բերելու ենք, դա քննարկման ենթակա չէ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած դեռ հստակություն չկա, սակայն նոյեմբերի սկզբին հնարավոր Փաշինյան-Պուտին-Ալիեւ հանդիպման թեման շարունակում է մնալ վերջին օրերին Հայաստանում քննարկվող ամենաթեժն ու քննարկվողը: Խորհրդարանում այս հարցի շուրջ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշեց. «Եթե ՌԴ-Հայաստան-Ադրբեջան հանդիպման անցկացման մասին պայմանավորվածություն ձեռք բերվի, Կրեմլը ժամանակին կտեղեկացնի»: «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի շուրջ զրուցել է ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հետ, որը նկատեց, որ նման հանդիպման կարիքը հասունացել է՝ ընդգծելով, թե նախապատրաստական փուլում նման հանդիպումները բնական են»: