«Россотрудничество»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը «Երեխաները խաղաղություն են նկարում» ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարել է, որ հանրության և պետության խնդիրը Դոնբասի երեխաներին փրկելն է։
Միջոցառումն ուղղված է մարտական գործողությունների գոտում երեխաների անվտանգության ապահովման խնդրի վրա ուշադրություն հրավիրելուն։ Փոքրիկ նկարիչների աշխատանքներում կարելի է տեսնել խաղաղության աղավնիներ, հայկական և ռուսական դրոշներ, ծաղիկներ և ծիածան։
Պրիմակովի խոսքով` ներկայիս Ուկրաինան իր գործողություններով վնասում է երեխաներին։
«Այդ երեխաներն ուրիշինը չեն, դրանք մեր երեխաներն են։ Համատեղ ջանքեր պետք է գործադրվեն նրանց պաշտպանելու համար։ Մեր պետության, հասարակության և ՀԿ–ների խնդիրը նախևառաջ պատերազմը կանգնեցնելն է, ապա երեխաներին փրկելը։ Ցանկալի է` բոլորին», – ասել է նա։
Միևնույն ժամանակ Պրիմակովը նշում է, որ ցուցահանդեսի գլխավոր տարրը նկարչի պատմությունն է, որը հաճախ ավելի կարևոր է, քան բուն ստեղծագործությունը։