Կապսի ջրամբարի մրցութային փաթեթի կազմման աշխատանքներն ավարտվել են, և 2021թ․-ի նոյեմբերի 1-ին մեկնարկել է մրցութային գործընթացը, որի վերջնաժամկետ է սահմանվել 2022թ.-ի հունվարի 10-ը։ Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Պատվիրատուն նոյեմբերի 22-ին կազմակերպել է մրցույթի մասնակից կազմակերպությունների դաշտային այցելություն Կապսի ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցման տարածք, որին մասնակցել են նաև նախագծման թիմի ներկայացուցիչները։ Այցի ընթացքում մրցույթի մասնակիցներին ներկայացվել է պատվարի, ոռոգման և շինարարական թունելների առկա վիճակը, հանքերի տեղադիրքը։
Տարածքի ուսումնասիրության հաջորդ օրը՝ նոյեմբերի 23-ին ՀՏԶՀ «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղ» գրասենյակում տեղի է ունեցել նախամրցութային հանդիպում, որի ժամանակ քննարկվել են մասնակիցների կողմից բարձրացված հարցերը։
Կապսի կիսակառույց ջրամբարը գտնվում է Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքից 22 կմ դեպի հյուսիս՝ Ախուրյանի գետահովտում: Առաջին փուլով՝ «ՋՌՀԿ/Ախուրյան գետ Փուլ 1», նախատեսվում է կառուցել ընդհանուր 25 մլն մ3 ծավալով ջրամբար՝ հետագայում հասցնելով ջրամբարի առավելագույն ծավալը 60մլն մ3 :
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 60 մլն եվրո, այդ թվում վարկային միջոցներ՝ 50 մլն եվրո։ Վարկային համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունիսի 29-ից՝ մասհանման վերջնաժամկետը սահմանվել է 2019 թվականի դեկտեմբերի 30-ը, որը երկարացվել մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։