Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիան չի վերաբերում Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը։ Այս մասին ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ Մոսկվան կողմ է հայ-ադրբեջանական սահմանի շուտափույթ սահմանազատմանը։
«Սակայն դա չի վերաբերում ղարաբաղյան տարածաշրջանին և կարգավորման հարցին, դա զուտ երկկողմ հարց է, որն արդեն գրեթե մեկ տարի է, ինչ մենք առաջարկում ենք սկսել մշակել՝ դրա համար սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով ստեղծելով»,- ասել է Լավրովը:
ՌԴ գլխավոր շտաբի տրամադրության տակ կան քարտեզներ, որոնցում ամրագրված են ԽՍՀՄ կազմավորման տարբեր փուլեր վարչական սահմանների և միութենական հանրապետությունների միջև սահմանների համապատասխան փոփոխություններ,և այդ համատեքստում Մոսկվան առաջարկում է հանդես գալ որպես խորհրդատու, նշել է ՌԴ ԱԳ նախարարը:
«Ես բառացիորեն երեկ շփվել եմ հայ գործընկերոջ հետ, որը նոր առաջարկներ ունի, մենք դրանք փոխանցում ենք Բաքվին: Տեսնենք, թե ինչպես անել, որ հանձնաժողովը հնարավորինս շուտ աշխատի»,- ասել է Լավրովը։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումներում տարաձայնությունների առկայությանը՝ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան առաջարկում է նստել բանակցությունների սեղանի շուրջ և պաշտոնական ստեղծված հանձնաժողովի շրջանակներում լուծել բոլոր չհամաձայնեցված հարցերը: