2008 թվականի Մարտի 1-ի իրադարձություններից 14 տարի է անցել։ Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Մարտի 1-ի զոհերի հիշատակին։ Նիկոլ Փաշինյանի հետ Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը ևս ծաղկեպսակ է դրել Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին:
Մարտի 1-ի լույս 2-ին մի շարք հակակառավարական գործողություններ են եղե Հայաստանում։ Դրանք հաջորդել են 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին։ Իրադարձությունների հետևանքով զոհվեց 10 մարդ (2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ), և վիրավորվեցին հարյուրավոր ոստիկաններ, զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ 1 ամիս ժամկետով Երևան քաղաքում հաստատվեց արտակարգ դրություն։
Իրադարձությունները սկսել էին ակտիվորեն զարգանալ փետրվարի 20-ից, երբ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Երևանի Ազատության հրապարակում հիմնեցին շուրջօրյա ճամբար և սկսեցին կազմակերպել հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ։ Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չէին ընդունում ընտրությունների արդյունքները և պնդում էին, որ նախագահ է ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը։ ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ ընդդիմության առաջնորդներից էր։ Նիկոլ Փաշինյանը 2008 թվականի մարտի 2-ից անցնել է ընդհատակյա գործունեության, իսկ 2009 թվականի հուլիսի 1-ին՝ ձերբակալվել։ 2011 թվականի մայիսի 28-ին Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներման շրջանակներում նա ազատ արձակվեց։