Փետրվարի 28-ին տեղի է ունեցել Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության կազմակերպած ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությանը։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայան։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը։
Իր ելույթում նախարար Միրզոյանը, մասնավորապես, ասել է․
«Դարեր շարունակ մենք ձգտել, պայքարել և հետամուտ ենք եղել մեր նախնիների հայրենիքում անկախություն ու պետականություն կերտելուն։ Այս առումով մենք երջանիկ սերունդ ենք, քանի որ ականատես ենք եղել, թե ինչպես է իրականանում մեր ազգային երազանքը։
1992 թվականի մարտի 2-ին հայոց եռագույնը բարձրացվեց ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջև՝ նոր էջ բացելով մեր երկրի պատմության մեջ՝ որպես համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ։ Մենք գնահատում ենք դրա արժեքը և սեփական փորձից գիտենք, թե որքան զոհողություններ են անհրաժեշտ ինքնիշխան իրավահավասարության առավելություններից օգտվելու, և որքան ավելի ջանքեր են պահանջվում այն պահպանելու համար։
Հայաստանն, այսպիսով, հաստատակամորեն և անդրդվելիորեն հանձնառու է բազմակողմանիությանը, որի կենտրոնում է Միավորված ազգերի կազմակերպությունը: Հայաստանն, այսպիսով, լիովին հավատարիմ է ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին:
Այս լուսանկարներում, որոնք այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում, դուք կգտնեք այդ հետևողական հանձնառության օրինակները, որոնք արտահայտված են ՄԱԿ-ի տարբեր մարմիններում և կոմիտեներում ակտիվ ներգրավվածության միջոցով կազմակերպության հովանու ներքո համատեղ ջանքերում Հայաստանի ունեցած ներդրմամբ: Հայաստանը նախագահել և աշխատել է տարբեր բյուրոներում և կառավարման մարմիններում, մասնակցել մի շարք խաղաղապահ առաքելությունների, միացել առանցքային կոնվենցիաների և պայմանագրերի, կազմակերպել ՄԱԿ-ի միջոցառումներ և սերտորեն աշխատել ՄԱԿ-ի երկրի թիմի հետ»: