Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում հասնել կայուն լուծման ոչ թե ռազմական հարձակումներով, այլ խաղաղ երկխոսության միջոցով։ Այս մասին հայտարարություն է տարածել Միացյալ Թագավորության Համայնքների պալատի պատգամավոր Թիմ Լոթընը։
«Քանի դեռ նրանք դա չեն անում, մենք կոչ ենք անում Մեծ Բրիտանիայի կառավարությանը միանալ մեզ և դատապարտել ադրբեջանական ռեժիմի ռազմական գործողությունները, օգտագործել բոլոր դիվանագիտական ճնշումները, որպեսզի դրանք նախագահ Ալիևին ստիպեն վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում»,- ասված է հայտարարության մեջ։
Մարտի 26-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի: Կիրակի երեկոյան Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ Ադրբեջանը զորքերը դուրս է բերել Արցախի Փառուխ գյուղից, սակայն Ադրբեջանի ՊՆ-ն հերքել էր զորքերը դուրս բերելու վերաբերյալ ՌԴ ՊՆ-ի տարածած հայտարարությունը։ Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ը հայտարարել էր, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է։
Նշենք նաև, որ Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։ Շնորհիվ Արցախի զինված ուժերի խիզախ ջանքերի՝ հայկական կողմին հաջողվել է կասեցնել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների առաջխաղացումը և պահպանել Քարագլուխ լեռան հիմնական մասի հանդեպ տիրապետումը։ Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։ ՀՀ Անվտանգության խորհուրդն էլ Ադրբեջանական Հանրապետությանն առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ: