Հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրող ֆիննական «Nokia» ընկերությունը հայտարարել է ռուսական շուկայից դուրս գալու մասին։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ՝ այս որոշումը կապված է Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության հետ։
«Վերջին շաբաթների ընթացքում մենք դադարեցրել ենք մատակարարումները, դադարեցրել ենք նոր բիզնեսը և մեր սահմանափակ գիտահետազոտական գործունեությունը տեղափոխում ենք Ռուսաստանից դուրս: Այժմ մենք կարող ենք հայտարարել ռուսական շուկայից մեր դուրս գալու մասին»,- ասվում է հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ ընկերության համար առաջնահերթություն է մնում աշխատակիցների անվտանգությունն ու բարեկեցությունը։
«Nokia»-ն արտադրում է սարքավորումներ բջջային, ֆիքսված, լայնաշերտ և IP ցանցերի համար: Գլխավոր գրասենյակը գտնվում է Ֆինլանդիայի Էսպու քաղաքում։ «Nokia»-ի հաճախորդները սպասարկում են 6,4 միլիարդ բաժանորդի ամբողջ աշխարհում:
Փետրվարի 24-ին Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել «Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման համար»։ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնության և ցեղասպանության»:
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ՌԴ ԶՈւ-ն հարվածներ է հասցնում միայն ուկրաինական ռազմական ենթակառուցվածքներին և զորքերին։ Նրանք արդեն կատարել են առաջին փուլի հիմնական խնդիրները՝ զգալիորեն կրճատել են Ուկրաինայի մարտական ներուժը։