Արդեն մեկ տարի մայրաքաղաքում հասարակական կարգը պահպանում, ճանապարհային երթևեկությունը կարգավորում, տարատեսակ հանցագործությունների դեմ պայքարում է պարեկային ծառայության Երևանի գունդը: Այս տարվա ապրիլից էլ մայրաքաղաքի հաջողված փորձը ներդրվել է նաև Շիրակի ու Լոռու մարզերում: Առաջիկայում ևս չորս մարզի հասարակական կարգն ու ճանապարհային երթևեկը կհսկեն պարեկային ծառայության մարզային ստորաբաժանումները: Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։
Յուրաքանչյուր նոր գործ ենթադրում է որոշակի թերություններ, որ հիմականում փորձի պակասի հետևանք են: Մայրաքաղաքի պարեկներն էլ առաջին օրերին հանդիպեցին բարդությունների՝ հատկապես ճանապարհային երթևեկության հարցում դառնալով քննադատության առարկա: Սակայն, ի պատիվ նրանց, ի պատիվ ոստիկանության կրթահամալիրում նրանց կրթած դասախոսական կազմի, ի պատիվ ծառայության և ոստիկանության ղեկավարների` հաշված օրերի ընթացքում թերությունները շտկվեցին, իսկ առավելություններն աստիճանաբար դարձան ակնառու: Եվ այսօր, ստեղծումից մեկ տարի անց, պարեկային ծառայության արդյունքները բոլոր առումներով գոհացուցիչ են, իսկ մայրաքաղաքն այլևս անհնար է պատկերացնել առանց պարեկային կարգախմբերի հոգատար ծառայության:
Պարեկները ոչ միայն ապահովում են հասարակական կարգը, կարգավորում ճանապարհային երթևեկությունը, այլև պայքարում են հանցագործությունների դեմ, հայտնաբերում հետախուզվողների: Մեկ անգամ չէ, որ նրանց արագ ու գրագետ աշխատանքի արդյունքում բացահայտվել են հանցագործություններ, բռնվել օրինազանցներ ու հետախուզվողներ, կանխվել վեճ ու կռիվների հնարավոր հետևանքներ:
Հատկապես արդյունավետ է պարեկների համագործակցությունը ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հետ, ինչը ակնառու է թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում: Սա արդեն հատուկ ուշադրության թեմա է նաև այն պատճառով, որ 2022 թվականը ոստիկանությունը հայտարարել է թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի տարի: Այդ չարիքի դեմ անզիջում և հետևողական պայքար են մղում ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումները` քրեական ոստիկանության գլխավոր վարչության համակարգմամբ, և վստահորեն կարող ենք փաստել, որ պայքարն ավելի քան արդյունավետ է: Արդյունավետության հարցում էլ իրենց լրջագույն ներդրումն ունեն նաև պարեկները:
Խոսենք թվերով: Գործունեության մեկ տարվա ընթացքում միայն Երևանի պարեկները բացահայտել են թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության շուրջ 160 դեպք, «հարուստ» տեսականիով` մարիխուանա, շոկո, սփայս, մետամֆետամին, կոկաին, կրիստալ, մեթադոն և այլն: Արդեն իսկ հասցրել են ապօրինի թմրամիջոցներ հայտնաբերել նաև Շիրակի և Լոռու պարեկները: Հատկապես տպավորիչ էր Շիրակի պարեկների բացահայտումներից մեկը:
Հունիսի լույս 25-ի գիշերը Գյումրիից Վանաձոր տանող ճանապարհի 5-րդ կիլոմետրին ստուգման նպատակով նրանք կանգնեցրել էին «Ֆորդ» մակնիշի բեռնատար, որի սրահում նկատել էին կանեփանման բույսեր։ Պարեկները վարորդին և ուղևորին բերման էին ենթարկել ոստիկանության Ախուրյանի բաժին։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվել էին հեղուկով և մոտ 950 գրամ կանեփանման չորացված զանգվածներով լցված պլաստիկ տարաներ, արկղերով կանեփի թփեր՝ ընդհանուր 14 կիլոգրամ, և այլն։