«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ տարածքում ռուսական նոր ռազմաբազայի կառուցման մասին առաջին լուրերը հայտնվեցին հունիսի կեսերին, երբ կառավարությունը հերթական նիստում ընդունեց ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման վերաբերյալ 2012թ. հոկտեմբերի 3-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումը: Հիմնավորման մեջ նոր ռազմակայանի մասին խոսք չկա, այլ ասվում է, որ փոփոխվում են «ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերը» եւ ռուսաստանյան կողմին փոխանցվող հողատարածքների ու անշարժ գույքի կազմն ու իրավական հիմք հանդիսացող փաստաթղթերը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հիսուսի մոնումենտալ արձանը կանգնեցնելու գաղափարի մտահղացումից ի վեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վստահ է եղել՝ դեմ կարծիք ունեցողներ ու ընդդիմախոսներ միանշանակ լինելու են։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ զրույցում Ծառուկյանն ասում է, որ եթե անգամ Քրիստոսի արձանի փոխարեն դրախտը բերեր Հայաստան, միեւնույնն է, լինելու էին մարդիկ եւ շրջանակներ, որ դեմ էին խոսելու։ «Լինելու էին նաեւ մարդիկ, որ պատվիրելու եւ կազմակերպելու էին «դեմ» հանրային տրամադրություններ։ Այս ամենը ես շատ լավ պատկերացնում էի, ու ի սկզբանե իմ մոտեցումը եղել է հետեւյալը՝ հարգանքով վերաբերվել բոլոր փաստարկված առաջարկներին եւ առարկություններին, անձամբ պատասխանել դրանցից շատերին, լսել բոլոր գրագետ դիտողությունները։ Խոր հարգանքով եմ վերաբերվում Հայ առաքելական եկեղեցու խոսքին ու նորից, օգտվելով առիթից, շեշտում, որ սա եկեղեցական կառույց չէ»,- ընդգծում է նա»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն գրել ենք, որ պաշտպանության նախարարության եւ դրան կից հիմնարկների աշխատակիցներին, մասնավորապես, զինկոմիսարիատներին, արգելվել է սմարթ հեռախոսներով աշխատանքի ներկայանալ։ Հիմնավորումն անվտանգային խնդիրներն են։ Մանրամասներ չեն հայտնել, սակայն հասկացվել է, որ դրանով լրտեսության դեմ են պայքարում։ Սմարթ հեռախոսներով սոցցանցերի եւ կապի այլ տեսակների միջոցով տեղեկությունների փոխանցումը դյուրին է։ Մեզ ահազանգած ՊՆ աշխատակիցները, սակայն, դժգոհում են, որ նորագույն տեխնոլոգիաների մեր օրերում ՊՆ ղեկավարության այս որոշումը մի քանի անգամ բարդացրել է իրենց աշխատանքը, քանի որ հեռախոսը նաեւ աշխատանքային միջոց է։ Ի դեպ, խոսակցություններ կան, որ հնարավոր է մեկ անգամ եւս զինկոմիսարիատների խոշորացման ծրագիր իրականացնեն։ Պատճառը, ենթադրվում է, զորակոչիկների թվի կրճատումն է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին այցելել էր Արմավիրի մարզ, սակայն հետաքրքիր է, որ սահմանամերձ Մարգարայում այդպես էլ չի եղել: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նա բնակիչների հետ հանդիպել է Երասխավանում, որտեղ ներկա են եղել նաեւ Մարգարայի բնակիչները: Ինչպես հայտնի է, Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորմամբ զբաղվող հատուկ բանագնացների վերջին հանդիպումից հետո նշվեց, թե կողմերը պայմանավորվել են բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների համար եւ վերականգնել Թուրքիայի հետ օդային փոխադրումները: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ներկաները բազմաթիվ հարցեր են ուղղել Փաշինյանին՝ կապված ջրի թանկացման, մանկապարտեզի եւ, բնականաբար, սահմանազատման հարցերի մասին: Հետաքրքիր է, որ այդպես էլ ՀՀ վարչապետը ներկաներին չի պարզաբանել, թե ինչ է նշանակում «երրորդ երկիր» ասվածը»:
«Փաստ» օրաթերթը գրում է . «Դեռ հստակ հայտնի չէ՝ Երևանի ավագանու ընտրություններն անցկացվելու են «ժամանակի՞ն», այսինքն, եկող տարի՞, թե՞, ամեն դեպքում, արտահերթ կարգով՝ մինչև այս տարվա վերջ, սակայն քաղաքական որոշ ուժեր արդեն իսկ սկսել են ինտենսիվ պատրաստվել: Այդ շրջանակներում անցկացվում են տարբեր հարցումներ՝ հավանական ընտրությունների դեպքում մարդկանց տրամադրվածությունը ստուգելու համար: Ի մասնավորի, «Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ հեռախոսազանգ են ստացել՝ խնդրանքով պատասխանել մի քանի հարցի: Հարցումը սկսվում է Երևանի քաղաքապետարանի գործունեության, առանձին ոլորտների վիճակի հետ կապված հարցերով, ապա սահուն անցում է կատարվում Երևանի ավագանու ընտրություններին: Քաղաքացիներին խնդրում են իրենց վերաբերմունքն արտահայտել տարբեր քաղաքական ուժերի, ապա և՝ դաշտում գործող քաղաքական գործիչների մասին, որոնք տեսականորեն կարող են մասնակցել ընտրություններին»: