ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայբեյ կատարվելիք հնարավոր այցից առաջ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի (PLA) երկու գործող ավիակիրները ծով են դուրս եկել և կարող են ուղարկվել Թայվանական նեղուցի շրջան։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով «Ցզիու Շիբաո» թերթի աղբյուրներին։
Ինչպես հայտնել է չինական SCSPI վերլուծական կենտրոնը, ներկայում Թայվանից հարավ-արևելք գտնվող ջրատարածքում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ Ronald Reagan ավիակրի գլխավորությամբ:
Թայվանական ԶԼՄ-ների տվյալներով՝ Փելոսին Թայբեյ կմեկնի երեքշաբթի երեկոյան՝ դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող վեց հոգուց բաղկացած պատվիրակության գլխավորությամբ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատի խոսնակի այցը Թայվան կարող է վերջին 25 տարվա ընթացքում ամերիկյան քաղաքական գործչի մակարդակով նման առաջին այցը դառնալ: Պեկինը բազմիցս զգուշացրել է ամերիկյան կողմին, որ եթե այցը տեղի ունենա, ապա դա անհետևանք չի մնա, և Չինաստանը կոշտ միջոցներ կձեռնարկի: Վաշինգտոնը կարծում է, որ Պեկինը կարող է անգամ հրթիռների արձակում կամ զորավարժություններ անցկացնել: