Արցախում հրազենային վիրավորում ստացած 19 զինծառայողից երկուսը ծանր վիճակում են, մեկը` ծայրահեղ ծանր։ Նրանց առողջական վիճակում փոփոխություն չկա։ Այս մասին Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ԱՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։
Մյուս վիրավորների վիճակը գնահատվում է միջին և թեթև ծանրության։ Զինվորները հիմնականում բեկորային վնասվածքներ են ստացել։
«Վիրավորներից մի քանիսը ենթարկվել են վիրահատության, որը բարեհաջող է անցել։ Վիրահատված տղաներից մեկը ծանր վիրավորում ստացածներից է»,- հավելեցին ԱՀ ԱՆ-ից։
Մի քանի վիրավորներ էլ տեղափոխվել են Երևան։ ԱՀ ԱՆ-ից, սակայն, չգիտեն, թե քանի վիրավոր զինվոր է Հայաստան տեղափոխվել։
Հիշեցնենք, որ օգոստոսի մեկից լարված իրավիճակ է Արցախի շփման գծում։ Արցախում հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։
Ըստ ԱՀ ՊՆ-ի՝ վիրավորում ստացած 19 զինծառայողներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր: Մյուս վիրավորների վիճակը բավարար է: