«Սուրմալու» առևտրի կենտրոնում ինտենսիվ կերպով որոնողափրկարարական ախատանքներ են կատարվում։ Տեխնիկան հերթափոխի էր գնացել, հիմա համալրվեց։ 1-1,5 ժամ հետո ևս համալրումներ կլինեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Արմեն Փամբուխչյանը։
Նրա խոսքով՝ տարածությունը թույլ չի տալիս շատ տեխնիկա կիրառել, ինչպես նաև միանգամից գործողություններ կատարել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ փլատակների տակ կան մարդիկ։ Նա հույս հայտնեց, որ մարդիկ ողջ են․ «Բայց եթե անգամ մտածենք վատթարագույնը, չվնասենք նաև մարմինները»,- ասաց նա։
Փամբուխչյանը հայտնեց, որ դեռևս առկա է շենքի փլուզման վտանգ, սակայն խոսքը տեղ-տեղ կրակի մասին չէ, այլ հիմնական։
«Հիմա իրականացնում ենք սյուների վնասազերծում, որոնք վտանգ են ներկայացնում փրկարարական աշխատանքներ կատարող մարդկանց համար։ Դրանից հետո կունենանք աշխատելու դաշտ, քանի որ հավանական փլատակների տակ հայտնված քաղաքացիների վայրը հենց այստեղ է նշմարվում»,- ասաց ԱԻ նախարարը։
Նա հավելեց, որ կրակը դեռ մի քանի օր կլինի, սակայն դա հրդեհը չհանգցնելու հետ որևէ կապ չունի։ Ամբողջական մարումը կտևի մի քանի օր։ Խոսելով հրդեհի պատճառների մասին՝ ԱԻ նախարարը նշեց, որ տարբեր տեսակետներ կան, սակայն գնահատական պետք է տան իրավապահ մարմինները։ Նա նշեց, որ ԱԻՆ-ի ֆունկցիան որոնողափրկարարական աշխատանքներն են, այդ մասով են իրենք կրում պատասխանատվություն։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում պայթյուն էր տեղի ունեցել՝ հրդեհի բռնկմամբ։ Վերջին տվյալների համաձայն՝ միջադեպի հետևանքով զոհվել է 6 մարդ, տուժել է ավելի քան 60 քաղաքացի, 17 մարդ համարվում է անհետ կորած։ Պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել։