ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը դադարեցրել է համագործակցությունը «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հետ։ Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում։
Աննա Գրիգորյանը նշեց, որ երբևէ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չի եղել․ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն իմ առաջին կուսակցությունն է, որին ես երբևէ անդամագրվել եմ։ Երկար ասելիք չունեմ, պետք է հստակ արձանագրել, որ Սյունիքը ներկայացնող պատգամավորները «Վերածնվող Հայաստան» կուսակցության մաս չեն կազմում, միևնույն ժամանակ հանդիսանում են «Հայաստան» խմբակցության անդամներ»,- ասել է նա։
Աննա Գրիգորյանը շեշտել է, որ «Հայաստան» խմբակցության կազմաքանդվելու վերաբերյալ լուրերը միֆ են։
«Ես, Արթուր Սարգսյանը և Վահե Հակոբյանը շարունակում ենք լինել «Հայաստան» խմբակցության անդամներ, պահպանում ենք գործընկերային հարաբերություններ, սակայն ես և Արթուր Սարգսյանը «Վերածնվող Հայաստան» կուսակցության պատգամավորներ չենք»,- մասնրամասնել է նա։
Գրիգորյանն ընդգծել է, որ քանի դեռ երկրում ներքաղաքական լարված իրավիճակ է և կան արտաքին լրջագույն մարտահրավերներ, այս պահին տեղին չի համարում ներթիմային որոշակի տարաձայնությունների մասին բարձրաձայնելը։ Նա շեշտեց, որ «Հայաստան» խմբակցությունը կուռ է և նախկինի պես շարունակում է իր գործունեությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը մոտ 2 ամիս է՝ չի շփվում կուսակիցների` «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամների հետ։