Ձյան ծածկի բարձրությունը Մասրիկի հատվածում կազմում է 22 սմ, Գորիսում և Սիսիանում՝ 10-15 սմ, Հանրապետության մյուս շրջաններում՝ 1-5 սմ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ Շիրակում ձյան ծածկը բացակայում է։
«Մոտ 20-օրյա խիստ չոր և տաք եղանակից հետո, ինչպես և կանխատեսվել էր, անցած գիշեր Հանրապետության շրջանների զգալի մասում դիտվել է ձյուն։
Տեղումների քանակը հունվարի 9-ի դրությամբ կազմում է ամսական նորմայի 0-10 %-ը, միայն Մասրիկի հատվածում՝ 40%-ը, որը խիստ ցածր ցուցանիշ է»,- հայտնում է կենտրոնը։
Նշվում է, որ օդի օրական միջին ջերմաստիճանը շրջանների զգալի մասում շարունակում է կլիմայական նորմայից բարձր մնալ 3-4 աստիճանով։
«Առաջիկա 5 օրերին թույլ ձյուն կտեղա միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, Հանրապետության մյուս շրջաններում՝ այդ թվում նաև Երևանում, մինչև հունվարի 15-ը ներառյալ սպասվում է առանց տեղումների եղանակ»,- ասված է հայտարարությունում։
Եղանակի պարզեցման հետևանքով այսօր գիշեր օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։