Հայաստանում ԵՄ քաղաքացիական լիարժեք առաքելությունը (EUMA Armenia) կներառի մինչև 100 աշխատակից: Այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ:
«Առաքելությունը տեղում կհետևի և կտեղեկացնի իրավիճակի մասին՝ դրանով իսկ նպաստելով մարդկանց անվտանգության ապահովմանը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջև վստահության ամրապնդմանը»,- նշվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն կուղարկի Հայաստանի սահմանամերձ շրջաններ: Ըստ ԵՄ խորհրդի հայտարարության՝ առաքելության առջև խնդիր է դրված նպաստել կայունությանը, տեղերում ամրապնդել վստահությունը և պայմաններ ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Առաքելության մանդատը նախատեսված է երկու տարվա համար, առաքելության օպերատիվ շտաբը կգտնվի Հայաստանում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ խորհուրդը Հայաստանի կառավարության հետ պայմանավորվել է, որ Վրաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելությունից Հայաստան կուղարկվի աջակցության խումբ: Մինչ այդ Հայաստանում հոկտեմբերից աշխատել է մինչև 40 փորձագետներից բաղկացած ԵՄ դիտորդական առաքելությունը։ Առաքելության մանդատն ավարտվել է դեկտեմբերի 19-ին։