Ոչ, ես նման հարց չեմ քննարկել, որովհետև նման հարց քննարկելու մանդատ չունեմ, ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը գործարկելու առաջարկին։
«Մանդատ ունեմ քննարկելու Լաչինի միջանցքը, որովհետև դա գրանցված է նոյեմբերի 9-ի փաստաթղթով, որովհետև դա ես էլ եմ ստորագրել։ Աղդամի միջանցքի մասով, ասել եմ, որ ես ո՛չ անհրաժեշտություն եմ տեսնում դա քննարկելու, ո՛չ էլ դրա մանդատ ունեմ» նշել է վարչապետը։
Հուլիսի 15-ին Բրյուսելում կայացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հանդիպման ավարտից հետո Եվրոպական խորհրդի ղեկավարը հայտարարել էր, որ խրախուսում է Ադրբեջանի՝ Աղդամի միջոցով մարդասիրական մատակարարումներ իրականացնելու պատրաստակամությունը։
ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված խորացող հումանիտար ճգնաժամը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքները, ինչպես նաև ձեռք է բերվել պայմանավորվածություն ակտիվացնել աշխատանքները քննարկված հարցերի կարգավորման ուղղությամբ: