- «Ժողովուրդ». «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության նախկին աշխատակից Արտակ Մանուկյանը հանդես է եկել մի օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է այժմ էլ արգելել վարկային կազմակերպությունների գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով եւ համացանցում:
Այնպիսի տպավորություն է, որ ԱԺ-ում մրցավազք է, թե ով ինչպես կարող է լրատվամիջոցների գործունեությունը դժվարացնող, խոչընդոտող օրինագիծ բերել` այդպիսով աչքի ընկնելով: Պարզ է, որ ինչպես բուքմեյքերական, այնպես էլ վարկային կազմակերպությունների գովազդի արգելքը լրատվամիջոցներով բացասական ազդեցություն կունենա ԶԼՄ-ների ֆինանսական վիճակի, հետեւաբար նաեւ գործունեության վրա»: - «Ժողովուրդ». «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ կներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը թանկացնելու համար: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ շարունակում են քննարկումները գազի սակագնի վերանայման հարցի շուրջ, ապա նշեցին, որ չի բացառվում, որ հայտով կդիմեն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով»։
- «Հրապարակ». «Կառավարությունում առաջիկայում փոխատեղումներ են սպասվում։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ Կենտրոնական բանկի նախագահ դառնալը, ըստ որոշ տեղեկությունների, կարելի է արդեն որոշված փաստ համարել։ Որ պահին որ նա տեղափոխվի ԿԲ, փոխվարչապետ կնշանակվի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Իսկ վերջինիս ղեկավարած մեգանախարարությունը, որքան էլ տարօրինակ է, կղեկավարի Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Երեկ ողջ օրը Պետրոսյանը չպատասխանեց մեր զանգերին, որ այս «ուրախալի» լուրն անձամբ իրենից ճշտեինք, թեև կարելի է գուշակել, թե ինչ պատասխան կտար նա»։
- «Հրապարակ». «Երեկ տեղեկացանք, որ իշխանության վերին օղակներում արդեն որոշում է կայացվել հետաձգել ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեն, ինչի մասին կհայտարարեն մոտ օրերս»,-գրել է թերթը։
- «Ժողովուրդ». «Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի աճի հետեւանքով երեկվանից սկսվել են լուրջ աշխատանքներ իրականացվել: Մինչեւ մարտի 23-ը չեն աշխատելու ոչ միայն ուսումնական հաստատությունները, այլեւ մի շարք կազմակերպություններ, ընկերություններ, նաեւ լրատվական միջոցներ իրենց աշխատանքները որոշել են իրականացնել արտագնա՝ տանից՝ այդպես խուսափելով նաեւ շփումից այլ մարդկանց հետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հրահանգ է իջեցված նաեւ պետական հաստատություններին այս օրերին առավել զգույշ լինել, չմեկնել գործուղումների եւ, որքան հնարավոր է, նվազեցնել շփումը: Եվ հենց դա է պատճառը, որ չեղարկվում են նաեւ պաշտոնյաների գործուղումները արտերկիր:
Եվ չնայած իշխանությունները փորձում են ցույց տալ, թե ամեն ինչ լավ է, վերահսկվում է, եւ առայժմ խուճապի մատնվելու կամ այլ քայլերի դիմելու կարիք չկա, այնուամենայնիվ, փաստ է, որ երեկ՝ կառավարության արտահերթ խորհրդակցության ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացած է եղել եւ դժգոհ ընդհանուր աշխատանքից: Նա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, հրահանգել է այսուհետ ավելի զգոն լինել եւ ամեն քայլից առաջ եւ հետո մշտապես կապի մեջ լինել իր հետ»:
- «Ժողովուրդ». «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ձեռք բերված 42 մլն դոլարի ենթադրյալ անպետք զինատեսակների փաստով հարուցված քրեական գործից մանրամասներ են հայտնի դարձել:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս քրեական գործով հարցաքննության են հրավիրվել 2016-2017 թվականների ընթացքում Զինված ուժերի պաշտոնատար անձինք, եւ վերջիններս պնդել են, որ զենքը գնելու ժամանակ տեղյակ չեն եղել, որ այն անպիտան է: Նրանց խոսքով՝ երբ զենքը գնվել է, եւ փորձել են օգտագործել, այդ ժամանակ հասկացել են, որ հակառակորդի անօդաչու սարքն այն չի կարողանում որսալ, ոչնչացնել: Նկատենք, որ 2008-2016 թվականներին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բացառել էր դա, իսկ, ահա, Վիգեն Սարգսյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին եւ անձնական նամակներին»: