Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին, հայտնում են կառավարությունից։
Հայտնում են, որ սենատոր Փիթերսը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող ծանր հումանիտար իրավիճակի կապակցությամբ և ընդգծել հումանիտար օգնության` սննդի, դեղորայքի և այլ էական պաշարների տեղ հասցնելու անհրաժեշտությունը։ Նա իր տպավորություններն է կիսել Սյունիքի և Վայոց ձորի մարզեր կատարած այցերից, վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին, ԼՂ հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության օրակարգի հետ կապված հարցերին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԱՄՆ-ի հետ առկա սերտ փոխգործակցությունը, այդ թվում` մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման, բարեփոխումների արդյունավետ իրականացման և այլ ուղղություններով:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, բայց Ադրբեջանը չպահեց պայմանավորվածությունը և սեպտեմբերի 21-ին, կրկին խախտել էր հրադադարը։
Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում տեղի ունեցավ Եվլախում։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Եվլախում տեղի ունեցած բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սեպտեմբերի 21-ին ավելի ուշ պաշտոնական Ստեփանակերտը հայտարարեց, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Ըստ Ստեփանակերտի՝ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։