Ֆրանսիայի անհետաձգելի բժշկական օգնությունն այսօր կհասնի Հայաստան, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Դեսպանը նշել է, որ 5 տոննա բժշկական օգնությունը ներառում է բժշկական սարքավորումներ և դեղորայք` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ծանր վիրավորում ստացածների բուժման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Քննարկվում է նաև այրվածքներ ստացած մի քանի պացիենտներին Ֆրանսիայի մասնագիտացված բժշկական կենտրոններ տեղափոխելու հարցը:
Նշվում է, որ օգնությունը կտրամադրվի ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնին» և Գորիսի բժշկական կազմակերպություններից մեկին:
Սեպտեմբերի 28-ի ժամը 14։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց թիվը, որոնք հատել են Հայաստանի Հանրապետության սահմանը, կազմում է 70․500:
Սեպտեմբերի 27-ին վարչապետի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ ընդհանուր առմամբ՝ օդային և ցամաքային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու:
Սեպտեմբերի 26-ին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել էր, որ ժամը 22:00-ի դրությամբ վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի» կողմից հաստատված մահերի թիվը 68 է, իսկ սեպտեմբերի 25-ին հայտնել էր, որ վիրավորների թիվն անցնում է 200-ը։
Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում սեփական մեքենանաներով Արցախից հեռացող քաղաքացիներին։ Ավելի ուշ ԱՀ ՆԳՆ-ն մանրամասներ էր հայտնել տեղի ունեցած պայթյունից։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր է ստորագրել, որով Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։