Մատենադարանի մոտից մեկնարկել է երթ՝ ի պաշտպանություն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանի կողմից գերեվարված բոլոր հայերի։
Քաղաքացիները պարզել են «Ռուբե՛ն, քեզ հետ ենք», «Ազատություն Ռուբենին և բոլոր գերիներին» գրությամբ պաստառներ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին։
Ակցիայի մասնակիցները կոչ են արել միջազգային դերակատարներին միանալ այս պահանջին և նպաստել բոլոր հայ գերիների ազատ արձակմանն ու վերադարձին։
Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը 4 ամսով կալանվորվել է։ Ավելի վաղ նշվել էր, որ Վարդանյանը մեղադրվում է «ահաբեկչության ֆինանսավորման մեջ»։
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու մասին։ Հայաստանի կառավարությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կապված նրա գերության հետ և տեղեկություններ պահանջել Վարդանյանի կարգավիճակի, կալանքի պայմանների և առողջական վիճակի մասին։