Տեղի ունեցողը հանցագործություն է ոչ միայն մարդկության, այլև քաղաքակրթության դեմ, այս մասին Երևանում՝ ի աջակցություն Ադրբեջանի կողմից գերեվարած Ռուբեն Վարդանյանի և այլոց կազմակերպված երթի ժամանակ ասել է «Մատենա» միջազգային դպրոցի գործադիր տնօրեն Ռուբեն Հայրապետյանը։
«Երթն սկսում ենք Մատենադարանից, որպեսզի ցույց տանք, որ Ռուբեն Վարդանյանի գործունեությունը խորհրդանշում է կրթությունն ու գիրքը։ Վարդանյանը հայի իսկական խորհրդանիշն է՝ համարձակ, մարդասեր, մեկենաս։ Վարդանյանի մասնակցությամբ հիմանդրվել են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամը, «Սկոլկովո», «Մատենա» և Դիլիջանի միջազգային դպրոցները»,- նշել է նա։
Նա կոչ է արել համաշխարհային բոլոր առաջնորդներին, ԶԼՄ-ներին և մարդու իրավունքների կողմնակիցներին միանալ հայ հանրության պահանջներին և հորդորել անհապաղ ազատ արձակել Վարդանյանին և մյուս գերեվարվածներին։
Հայրապետյանը նշել է նաև, որ երթը շատ կարևոր է պայքարի ընդհանուր համատեքստում, և որ պայքարը միայն երթով չի սահմանափակվի։
Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը 4 ամսով կալանվորվել է։ Ավելի վաղ նշվել էր, որ Վարդանյանը մեղադրվում է «ահաբեկչության ֆինանսավորման մեջ»։
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու մասին։ Հայաստանի կառավարությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կապված նրա գերության հետ և տեղեկություններ պահանջել Վարդանյանի կարգավիճակի, կալանքի պայմանների և առողջական վիճակի մասին։