Սեպտեմբերի 30-ին Մատենադարանի մոտից իրականացվել է երթ՝ ի պաշտպանություն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և ադրբեջանի կողմից ապօրինի գերավարված բոլոր հայերի։
Մասնակիցները երթն ավարտել են Բաղրամյան 6-ում՝ «Մատենա» դպրոցի մոտ, որտեղ նրանք մաղթանքներ են գրել հասցեագրված Ռուբեն Վարդանյանին։
«Մատենա» միջազգային դպրոցի գործադիր տնօրեն Ռուբեն Հայրապետյանը հայտնել է, որ այդ մաղթանքների հիման վրա կգրվի գիրք, որը կհանձնվի Վարդանյանին, երբ նա վերադառնա՝ հավելելով, որ բոլոր ցանկացողները կարող են այցելել «Մատենա» դպրոց և թողնել իրենց մաղթանքները։
Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը 4 ամսով կալանվորվել է։ Ավելի վաղ նշվել էր, որ Վարդանյանը մեղադրվում է «ահաբեկչության ֆինանսավորման մեջ»։
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու մասին։ Հայաստանի կառավարությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կապված նրա գերության հետ և տեղեկություններ պահանջել Վարդանյանի կարգավիճակի, կալանքի պայմանների և առողջական վիճակի մասին։