ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատճառով տարածաշրջանում Հայաստանի տրանսպորտային մեկուսացման վտանգի մասին։
Նա նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2021 թվականի հունվարին մեկնարկած տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը դեռ ավարտված չէ։ Զախարովան ասաց, որ տարիների ընթացքում կողմերը մի քանի անգամ մոտեցել են փոխշահավետ որոշումների փաթեթ ընդունելուն, որը Հայաստանին և Ադրբեջանին հնարավորություն կտա օգտվել միմյանց ճանապարհային ենթակառուցվածքներից, սակայն այդ հնարավորությունը բազմիցս բաց է թողնվել։
Նա նշել է, որ մայիսին Մոսկվայում կայացած եռակողմ գագաթնաժողովից հետո հունիսի 2-ին հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի նիստում զգալի առաջընթաց է գրանցվել բանակցություններում, մասնավորապես, ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման վերաբերյալ։
«Սակայն կրկին ինչ-որ բան խանգարեց Հայաստանի ղեկավարությանը թղթի վրա ձեռք բերված պայմանավորվածությունները վերջնական տեսքի բերել»,- ասել է նա: Զախարովայի խոսքով՝ Հայաստանի ներկայիս ղեկավարությանը խանգարել են արըմտյան ընկերների «լավ» խորհուրդները։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ «Հայաստանը, գործելով ԱՄՆ-ի և ԵՄ-ի հուշումներով, եռակողմ համաձայնագրերի շրջանակներից դուրս, խիստ վտանգված է տարածաշրջանային հաղորդակցությունների ապագա կոնֆիգուրացիայից կտրվելու համար»:
«Շատ տեղերում ԱՄՆ-ն և ԵՄ-ն հանդես են եկել որպես երաշխավոր։ Քիչ տեղերում հաջողվել է լավ ու դրական բան անել։ Ավելի հաճախ նրանք շատ բան են խոստանում, քիչ են մատուցում և իրավիճակը օգտագործում են բացառապես իրենց նպատակների համար»,- ասել է նա։
Զախարովան նաև հերքել է մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե Մոսկվայի ճնշում է գործադրում Երևանի վրա՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար։ «Ես չեմ պատկերացնում, թե ինչի մասին են խոսում, երբ օգտագործում են ճնշում բառը։ Ես չեմ կարող հասկանալ, թե ում վրա է ճնշում գործադրվում»,- ասել է նա։
Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը խոսել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Ռուսաստանի մոտեցումների մասին։ Նա ընդգծել է, որ Մոսկվան չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը, այլ խոսում է Ադրբեջանի՝ Սյունիքի մարզով Նախիջևան երթուղիների մասին։ Նաև Ռուսաստանը հանդես է գալիս ոչ թե մեկ երթուղու ստեղծման, այլ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման օգտին՝ թափանցիկ և փոխշահավետ պայմաններով։
Զախարովայի խոսքով, հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբում հաստատուն փոխըմբռնում է ձեռք բերվել, որ երկրները պետք է ունենան ինքնիշխանություն և իրավասություն իրենց տարածքներով անցնող երթուղիների նկատմամբ։ «Երբեք չի խոսվել որևէ արտատարածքային միջանցքների ստեղծման մասին, և դա լավ հայտնի է նաև հայկական կողմին»,- ընդգծել է նա։
Նա նշել է, որ եռակողմ աշխատանքային խումբը գործում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների հիման վրա։
«Դրանում հստակ նշվում է ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայության դերը Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկման գործում։ Պաշտոնական Երևանի համար այս ամենը նորություն չէ։ Առավել զարմանալի է Հայաստանի ԱԳՆ-ի բուռն արձագանքն այս թեմայի վերաբերյալ մեր նախկին մեկնաբանություններին։ Ուզում եմ հիշեցնել, որ ռուս սահմանապահները երկար տարիներ հաջողությամբ հսկում են Հայաստանի սահմանները Իրանի և Թուրքիայի հետ՝ երկկողմ պայմանավորվածությունների համաձայն»,- հավելել է Զախարովան։