Հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի կանանց մենասահքի սպարտակիադայի չեմպիոն է դարձել, հայտնել է RBC-ն։
Գեղասահորդների մրցումներն անցկացվել են Մագնիտոգորսկում։
Պետրոսյանն ստացել է 252,97 միավոր։ Երկրորդ տեղն զբաղեցրել է Աննա Ֆրոլովան՝ վաստակելով 225,98 միավոր, երրորդը՝ Քսենիա Սինիցինան՝ 224,65 միավորով։
Հունվարի 11-ին, ըստ РИА Новости Спорт-ի ընթերցողների, Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն Պետրոսյանը 2023-ի «Տարվա մարզուհի» էր ճանաչվել։
Ադելիա Պետրոսյանը 2023 թվականի դեկտեմբերին Չելյաբինսկում կայացած գեղասահքի Ռուսաստանի առաջնությունում ոսկե մեդալ էր նվաճել՝ կարճ և ազատ ծրագրերում վաստակելով 246,53 միավոր։ Պետրոսյանը նաև 2022 թվականի գեղասահքի Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր է, ինչպես նաև 2021 թվականի պատանիների ազգային առաջնության արծաթե մրցանակակիր։ 2023 թվականի նոյեմբերին նա գրավել էր առաջին տեղը Ռուսաստանի Գրան Պրիի ընդհանուր հաշվարկում։