ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը թվարկել է Սյունիքի մարզում գտնվող սահմանամերձ Ներքին Հանդ գյուղին կից տեղակայված ադրբեջանական անօրինական դիրքերի հետևանքով առաջացած գյուղացիների խնդիրների և այդ հատվածում Բաքվի կողմից իրականացրած հանցանքների մասին։ Նա հիշեցրել է փետրվարի 13-ին Ադրբեջանի կողմից հայկական դիրքի վրա զինված հարձակման մասին, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։
Թաթոյանի տվյալներով՝ Ներքին Հանդում Ադրբեջանի կողմից օկուպացրած տարածքում 25 անօրինական դիրք կա. դիրքերից ամենամեծ հեռավորությունը մոտ 2,060 մետր է (սահմանից դեպի երկրի խորքը), ամենից մոտը՝ 769 մետր հեռավորության վրա է: 2023թ. նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ շուրջ 200 քառ կմ ՀՀ տարածք գտնվում է ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո:
Ըստ նախկին պաշտպանի՝ ընդհանուր առմամբ Բաքուն օկուպացրել է 2,700 հեկտար տարածք, որից՝ 2,400 հեկտարը հատուկ պահպանվող հողեր են, 170-ը՝ անտառային հողեր, 3,130 հեկտարը՝ համայնքային հողեր. «Այգիները, արոտավայրերը, խոտհարքները և վարելահողերն ադրբեջանական օկուպացիայի ներքո են, վերացել է անասնապահությունը»,- նշել է նա։
Նա ավելացրել է, որ բացի դրանից, 1,000 հեկտարից ավելի հողատարածք հայտնվել է վտանգավոր գոտում, որտեղ կա´մ հնարավոր չէ իրականացնել գյուղատնտեսական կամ այլ տեսակի որևէ աշխատանք, կա´մ այդ աշխատանքներն էականորեն դժվարացել են` կյանքի համար իրական վտանգների պատճառով։
Ըստ պաշտպանի, ադրբեջանական զինծառայողները ոչնչացնում են բուսական և կենդանական աշխարհը, կառուցում անօրինական ճանապարհներ: Նաև գյուղացիներն ստիպված են լսել ադրբեջանական զինված դիրքերից կրակոցներ, ականների պայթյուններ:
Փետրվարի 16-ին փաստահավաք առաքելության շրջանակներում Թաթոյանն այցելել էր Ներքին Հանդ։
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր ալիք էր սկսվել փետրվարի 12-ին, երբ ադրբեջանական կողմը հայտնել էր հայկական դիրքապահի կողմից արձակած կրակի հետևանքով իր մեկ վիրավորի մասին: Հայկական կողմը հայտարարել էր, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում հայ դիրքապահների կողմից կրակ բացելու տեղեկատվությունը հետաքննվում է, նախնական տեղեկատվությամբ՝ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: ՀՀ ՊՆ-ն հերքել էր, թե փետրվարի 12-ին՝ ժամը 20:50-ից մինչև 23:40-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը կրակ է բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ-ն փետրվարի 13-ին հարձակվել էր Ներքին Հանդի հայկական դիրքի վրա, սպանելով 4 հայ զինծառայողի, մեկը վիրավորվել էր։ ՀՀ ՊՆ-ն հրապարակել էր զոհված զինվորականների անունները։