Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, հայտնել է «Սպուտնիկ Գրուզիա»-ն։
Ըստ լրատվականի՝ օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել 83, դեմ՝ 0 պատգամավոր։
Օրենքը պարտավորեցնում է օտարերկրյա ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին գրանցվել հատուկ գրանցամատյանում և լրացնել տարեկան հայտարարագրեր։ Որպեսզի այն ուժի մեջ մտնի, պատգամավորները պետք է քննարկեն և ընդունեն ևս երկու ընթերցմամբ։
Երկրորդ ընթերցումը նախատեսում է նախագծի հոդված առ հոդված քննարկում և լրացումներ կատարելու, իսկ երրորդը` օրենքի տեքստում խմբագրական փոփոխություններ կատարել: Նախագիծը երեք ընթերցմամբ ընդունելուց հետո միայն կուղարկվի Վրաստանի նախագահին՝ ստորագրման։
Վրաստանի խորհրդարանի մոտ արդեն 3-րդ օրը շարունակվում է բողոքի ցույցը, որին ընդդիմությունը խոստանում է այսօր երեկոյան մեծ հանրահավաք անցկացնել։
Ապրիլի 15-ին Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովը պաշտպանել էր «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը։ Միաժամանակ խորհրդարանի շենքի մոտ տեղի էր ունեցել օրինագծի ընդունման դեմ բողոքի ցույց, որի ընթացքում բերման էր ենթարկվել 14 ցուցարար։ «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրինագիծն առաջին անգամ ընդունվել է 2023 թվականի մարտին։ Նախագծի ընդունումից հետո Վրաստանում բողոքի ցույցեր էին սկսվել, ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ էր կիրառել։ Մարտի 9-ին Վրաստանի իշխանությունները հայտարարել էին օրինագիծը հետ կանչելու մասին։