Վրաստանի ՆԳՆ ուժերը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են կիրառել օտարերկրյա ազդեցության գործակալների մասին օրինագծի ընդունման դեմ բողոքի ակցիան ցրելու համար:
Ինչպես գրում է Новости-Грузия-ն, Թբիլիսիում իրավիճակը թեժացել է կեսգիշերից մեկ ժամ առաջ. ցուցարարների մի մասը սկսել է շրջափակել խորհրդարանի շենքը: Առանձին խմբեր սկսեցին կոտրել ապակիները և թուլացնել ցանկապատերը։
Դրանից հետո ջրցան մեքենաներով հատուկջոկատայինները սկսել են իջնել խորհրդարանի շենքի երկայնքով և միաժամանակ Ազատության հրապարակից անցել Ռուսթավելի պողոտայով, գրում է պարբերականը: Նշվում է, որ ականատեսները հայտնում են ակցիայի մասնակիցների շրջանում տուժածների մեծ թվի մասին, հաղորդվում է նաև ձերբակալությունների մասին:
Ինչպես հաղորդում է РБК-ն, վկայակոչելով վրացական ԶԼՄ-ները, հատուկ նշանակության ուժերը ցուցարարներին դուրս են մղել Թբիլիսիի խորհրդարանի դիմացի հրապարակից: Գործի են դրվել ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ, մարդիկ փախել են մոտակա փողոցներով, գրում է պարբերականը։
Նշվում է, որ ջրցան մեքենաների և արցունքաբեր գազի կիրառումից հետո առնվազն 10 ցուցարարներ են տուժել: Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության բրիգադները։ Հատուկ ջոկատայինները կենտրոնացած են Ռուսթավելի պողոտայի և խորհրդարանի շենքի մոտ։
Թբիլիսիում բողոքի ցույցերը շարունակվում են երկրորդ օրն անընդմեջ։ Մարտի 7-ի երեկոյան ոստիկանությունը նաև ջրցան մեքենա և արցունքաբեր գազ է կիրառել օտարերկրյա գործակալների մասին օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունման դեմ բողոքի ակցիան ցրելու համար:
Մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին օտարերկրյա ազդեցության գործակալների մասին օրինագիծը: Գաղափարի հեղինակներն են «Ժողովրդի ուժ» հասարակական շարժումը և իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդները։ Նախաձեռնությունը ընդդիմության և Արևմուտքի երկրների քննադատությունն է առաջացրել օրենսդրության մեջ օտարերկրյա գործակալ հասկացություն մտցնելու պատճառով: