Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանի կողմից գերեվարված մյուս բոլոր հայրենակիցների համար Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի կստեղծվի, հայտնել են Վարդանյանի «Մենք ենք մեր սարերը» գործակալությունից։
Բացի մրգատու ծառերից, այգում տնկվելու է նաև սոսի՝ Կենաց ծառ՝ որպես հայ ժողովրդի հավատի, հույսի և հարատևության խորհրդանիշ, հայտնել են գործակալությունից։
«Այսօր, երբ մեր գործակալության հիմնադիրը Բաքվի բանտում է, ավելի քան կարևոր է նրա գործի շարունակությունն ու գաղափարների իրագործումը: Այգի հիմնելը Վարդանյանի համար միշտ եղել է բարիք ստեղծելու, նոր սկզբի խորհրդանիշ, այդ իսկ պատճառով նախաձեռնվեց այս ծրագիրը»,- ասել է գործակալության գործադիր տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանը:
Պտղատու ծառերի տունկը շարունակվելու է ամողջ ապրիլ ամսվա ընթացքում: Ծրագրին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերելով իրենց անվանական ծառը` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը։
Վարդանյանին ադրբեջանցիները Հակարիի ապօրինի անցակետում գերեվարել էին 2023-ի սեպտեմբերի 27-ին ու նույն օրը ձերբակալել նրան։ Սեպտեմբերի 28-ին դատարանը Վարդանյանին 4 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել «ահաբեկչության ֆինանսավորման», «ապօրինի զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծման, դրանց գործունեությանը մասնակցելու» և «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու» շինծու մեղադրանքներով։ Հայաստանի կառավարությունը Վարդանյանի գերեվարման հարցով դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Հունվարի 25-ին Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը 4 ամսով երկարաձգել էր Վարդանյանի և Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության կալանքների ժամկետները։ Վարդանյանից բացի Բաքվի բանտում են Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Արցախի նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։ ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով Բաքվում, ընդհանուր առմամբ, 23 հայ գերի կա։