«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիաների ընթացքում մայիսի 13-ին բերման ենթարկված բոլոր 156 անձինք ազատ են արձակվել, Armenia Today-ին հայտնել են ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի դեմ ձևավորված շարժման աջակիցներն այսօր առավոտից վերսկսել են անհնազանդության ակցիաները Հայաստանում։ Նրանք փողոցներ են փակում, իրազեկման ակցիաներ են իրականացնում։ «Ազգային ճակատը» հայտնել է, որ ժամը 14։21-ի դրությամբ՝ Հայաստան-Իրան միջպետական մայրուղին փակվել էր Վայքի հատվածում, իսկ ժամը 16։10-ի դրությամբ՝ փակ է Երևան-Սևան մայրուղին։
«Ազգային ճակատի» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք, որ ժամը 15։45-ի դրությամբ Ապարան, Նոյեմբերյան քաղաքներում, ինչպես նաև Սևանում ավտոերթեր են սկսվել։ Շարժման աջակիցներն ավտոերթով գալիս են Երևան։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 13-ին փակվել էին Բաղրամյան, Սարյան, Թումանյան փողոցները, ինչպես նաև Թումանյան-Նալբանդյան խաչմերուկը, Պուշկին-Փարպեցի, Սարյան-Արամի խաչմերուկները։ Մետրոյի «Բարեկամություն» կայարանում ևս իրազեկման ակցիա էր իրականացվել։
Արգելափակվել էին նաև Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Թբիլիսյան խճուղին և Տիգրան Պետրոսյան փողոցը: Ցուցարարները միաժամանակ փակել էին Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկը՝ որպես բարիկադ տեղադրելով խոտի տուկեր։ «Ազգային ճակատը» հայտնել էր ակտիվիստներին բերման ենթարկելու և ձերբակալությունների մասին, որոնց թիվը, ընդհանուր առմամբ, հասել էր 156-ի։
Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Շարժումը գլխավորող, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։