«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտնել է, որ հանդիպել է «Ապրելու երկիր», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների, «Հայաքվե» նախաձեռնության, Դեմոկրատական կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցի հետ՝ ամփոփելով ցույցերի 5-րդ օրը Երևանի սուրբ Աննա եկեղեցու բակում։
Նա նշել է, որ հանդիպել են նաև եզդիական համայնքի ստվար պատվիրակության, ասորիների ներկայացուցիչների հետ։
Արքեպիսկոպոսը հայտնել է, որ ավելացել է շարժմանը միացած և Փաշինյանի հրաժարականը պահանջող մտավորականների թիվը՝ հասնելով 101-ի։ «101 գիտնականներ, դասախոսներ, պրաֆեսորներ, մշակույթի ներկայացուցիչներ այսօր պահանջել են մարդու (Փաշինյանի) հրաժարականը»,- նշել է նա։
Տավուշի թեմի առաջնորդը հիշեցրել է, որ այսօր Տավուշում ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով նախատեսված հանդիպումը կայացել է՝ սակայն հանդիպման մասին այլ տեղեկություն չունի։ Նա հիշեցրել է մայիսի 15-ին Երևանի և Բաքվի արձանագրությունների վավերացման առաջին փուլի վերջնաժամկետի մասին և շեշտել գործընթացի ապօրինի լինելը։
«Այսօր հատվածական, միակողմանի և ապօրինի սահմանազատման և սահմանագծման գործընթացի հատվածում հանդիպում է տեղի ունեցել, և մեր ժողովրդի կյանքի վրա էքսպերիմենտը չգիտենք ուր է հասել»,- նշել է նա՝ ավելացնելով, որ հանդիպումը փակ էր։
«Զորքերն այս պահին տեղում են, եթե իհարկե գիշերը չտեղափոխեն»,- նշել է նա։
Սրբազանի համոզմամբ շարժումը «խախտել է Փաշինյանի, Ալիևի ծրագիրը» և սահմանազատման հանցագործ ընթացքը կարող է կասեցնել միայն պայքարը:
Նա նաև կոչ է արել վաղը շարունակել անհնազանդության գործողությունները, դասադուլները։
«Մի քանի օրից մանրակրկիտ ծրագրով, օրակարգով կներկայացվի Ձեզ, թե ինչ է լինելու։ Մասնագիտական խմբերը կամփոփեն աշխատանքները»,- ավելացրել է նա։
Նա նաև նշել է, որ կշարունակի հանդիպումները քաղաքական ու հասարակական ուժերի ներկայացուցիչների հետ:
«Վաղը նորից հանդիպումներ կլինեն։ Ես գիտեմ, որ դուք ուղղակի գործողությունների, որոշակիության եք սպասում։ Ցանկանում ենք այս շաբաթվա մեջ հանդիպել և դրանից հետո խոսել կոնկրետ գործողությունների մասին»,- ասել է Սրբազանը։
Շարժման առաջնորդը քննադատել է Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն, բ. գ. թ. դոցենտ Սամվել Դանիելյանին աշխատանքից ազատելը։
Սրբազանի խոսքով՝ Դանիելյանին օրենքով նախատեսված ժամանակից շուտ են հեռացրել, (քայլերթի ընթացքում -խմբ) Դիլիջանում Գալտանյանի հետ ողջագուրվելու պատճառով։
«Ընդամենը 20 օր էր մնացել, որ ինքը պաշտոնից ուղղակիորեն ազատվեր, բայց որոշել են պատժել, սա է մեր երկրի իրականությունը»,- ասել է նա։
Շարժման նախաձեռնողները հայտնել են, որ մայիսի 16-ին, ժամը 10:30-ին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացվելու։ Վաղը ժամը 11:00-ին տեղի է ունենալու կառավարության նիստ:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մայիսի 15-ին՝ ժամը 15:30-ին, Երևանի կենտրոնական 4 հատվածներից երթ իրականացրեց դեպի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովի շրջանակներում իրականացվող միջոցառմանը։ Երթի մասնակիցները հավաքվել են Հյուսիսային պողոտայում, ուր հայտարարվեց, որ Մաշտոցի պողոտայից բերման ենթարկվածներ կան։ Armenia Today-ին ՆԳՆ-ից հայտնեցին, որ ժամը 17։50-ի դրությամբ բերման ենթարկվածների վերաբերյալ բաժիններից տեղեկություն դեռ չեն ստացել։ ՆԳՆ-ից միայն հայտնել են, որ ժամը 14։00-ի դրությամբ բերման է ենթարկվել 12 անձ։
ՀՀ ԱԳՆ-ի ապրիլի 19-ի հայտարարությունից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ երթ էր սկսել դեպի Երևան, որը նպատակակետին էր հասել մայիսի 9-ին․ Երևանում հանրահավաք էր կայացել։ Սրբազանը հանրահավաքին հայտարարել էր Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին։
Մայիսի 10-ին, 11-ին, 13-ին, 14-ին և 15-ին Երևանում և մարզերում անհնազանդության ակցիաներ էին անցկացվել։