Մինսկի խմբի հետ կապված խոսակցությունները կարող են լինել խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո, հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա այսպես է մեկնաբանել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համար Հայաստանի հետ համատեղ դիմելու մասին Ալիևի առաջարկը։
«Հայաստանն իր կողմից այդ քայլերն իրականացնում է, և այդ քայլը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն է։ Մինսկի խմբի հետ կապված խոսակցությունները կարող են լինել խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո»,- ասել է Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ ամեն անգամ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը ինչ-որ համաձայնության են գալիս, Ալիևը փորձում է հարվածել խաղաղության գործընթացին։
«Մեզ և Ադրբեջանի համար խնդրահարույց հարցերի մեծ մասն ունեն պատասխաններ։ Բայց ականատես ենք լինում իրավիճակի, երբ հանդիպող կողմերը քննարկում են մի բան, համաձայնության են գալիս, հետո Ադրբեջանի նախագահն սկսում է հարվածել այս գործընթացին»,- ասել է նա։
Այնուհանդերձ, Սիմոնյանի խոսքով, Հայաստանը շարունակելու է խաղաղության իր ընտրած ճանապարհը, քանի որ «այլընտրանք չկա»։
Սիմոնյանը նաև մեկնաբանել է հայ խորհրդարանականներին ուղղված՝ Բուչայում սպանվածների ցուցակը ներկայացնելու մասին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կոչը։
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ՀՀ-ից պատվիրակություն չի այցելել Բուչա, առավել ևս՝ պատգամավորներ։ Նրա խոսքով՝ չի կարող որևէ պատգամավոր տեղ գնալ և դրա մասին ոչ ոք չիմանա։
«Հայաստանից որևէ պատվիրակություն չի գնացել, բայց կարող եմ տիկին Զախարովային կամ ՌԴ ԱԳՆ-ին խնդրել, որ իմ լրատվականը կամ իմ օգնականը փոխանցեն, օրինակ, Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողությունների ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները, կարող եմ 100 հազարից ավելի փախստականների անուններ փոխանցել այն տարածքում, որտեղ իրենք խաղաղապահ առաքելություն էին ծավալում»,- նշել է Սիմոնյանը։
Հունիսի 6-ին Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն Երևանին առաջարկել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար։ Մայիսի 14-ին Ալիևը նման առաջարկ արել էր ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի նախարար Իեն Բորջին։