Իրանի և Ադրբեջանի սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկու սահմանապահ թեթև վնասվածքներ է ստացել, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ հուլիսի 24-ին Ադրբեջանի սահմանապահ ջոկատի տարածքում Իրանի կողմից պետական սահմանը խախտած 2 անհայտ անձանց են նկատել։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ «սահմանախախտները զինված դիմադրություն են ցույց տվել սահմանային անցակետում և փախուստի են դիմել»։ Ադրբեջանական կողմը հայտնել է, որ տարածքը զննելուց հետո հայտնաբերել և առգրավել են մինչև 11 կգ թմրամիջոց, գիշերային տեսանելիության սարք, հրացան, պարկուճներ և փամփուշտներ: