ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն այցելել են Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցվող Վեդիի ջրամբար, հայտնում են ԱԳՆ-ից։
Նշվում է, որ նախարարները ծանոթացել են ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքին։ Ընդգծվել է ծրագրի ռազմավարական նշանակությունը՝ ՀՀ դիմակայունության ամրապնդման համատեքստում։
«Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործընկերությունն ակտիվորեն զարգանում է բոլոր ուղղություններով, այստեղ մենք ականատեսն ենք դրա մեկ՝ շատ կոնկրետ, շոշափելի արդյունքի»,- ասել է Միրզոյանը։
Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ Սեժուրնեն կժամանի Հայաստան։