ՀՀ-ն ներդրում կունենա տնտեսական հոսքերի սպասարկման մեջ, «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ գլոբալ փոփոխությունները «Խաղաղության խաչմերուկ» նախագծին տալիս են համաշխարհային նշանակություն։
«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով էականորեն փոխվել են, փոխվում են կամ էականորեն խնդիրներ են առաջացել ապրանքների և ուղևորների հոսքի ուղիների տեսակետից։ Կարող եք պատկերացնել, թե արդյունաբերական այս գերզարգացած շրջաններից ինչպիսի մեծ հոսքեր էին ուղղված ամենազարգացած աշխարհամասը՝ Եվրոպա։ Ակնհայտորեն՝ հոսքերի մեծ մասն ընթացել են ՌԴ-ով դեպի արևմուտք»,- մանրամասնել է Փաշինյանը։
Նա նշել է, որ հայտնի հանգամանքների բերումով՝ այս ճանապարհի անցանելիությունն էականորեն նվազել է՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, պատժամիջոցների և քաղաքական հարաբերությունների բարդացման պատճառներով։
«Խնդիր է առաջանում հարյուրավոր միլիարդ դոլարների ապրանքների հոսքի ժամանակ։ Սա է պատճառը, որ այդ ապրանքները նոր ուղիներ են փնտրում դեպի ամենամեծ շուկաներ։ Ահա սա է պատճառը, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ժամանակի հետ տարածաշրջանայինից ձեռք է բերում համաշխարհային նշանակություն»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը մանրամասնել է, թե որն է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստը և նշանակությունը։
«ՀՀ սահմանների 70 և ավելի տոկոսում ունենք անշարժ վիճակ, մեր սահմանները չեն ծառայում ապրանքների հոսքը ապահովելու գործին։ Նախագծի իմաստն է, որ ՀՀ-ն տրամադրի իր տարածքները և իր ներդրումն ունենա այդ տնտեսական հսկայական հոսքերի սպասարկման առումով»,- ասել է նա։
Ըստ վարչապետի՝ հիմնական գաղափարն այն է, որ Հայաստանն ապրանքների և ծառայությունների մատուցման ճանապարհին առաջարկի իր ծառայությունները։
2023թ․ Փաշինյանը Թբիլիսիում ներկայացրել էր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները։ Սեպտեմբերի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ Թուրքիան, ՌԴ-ն ու Ադրբեջանը «Խաղաղության խաչմերուկի» շահառու են։