Ադրբեջանը հաստատել է, որ Հորդանանում հայազգի ռեժիսոր Սարին Հայրապետյանի՝ Արցախի մասին «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմն «Օսկար»-ի «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգից հանել են Բաքվի դիմումի հիման վրա, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեին։
Նա հայտարարել է, որ Ադրբեջանն իր «մտահոգությունն է հայտնել հորդանանյան կողմին»՝ ասելով, թե իբր «ֆիլմի բովանդակությունը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»:
Թեպետ Բաքվում զերծ են մնացել Ադրբեջանի այս քայլը ճնշում որակելուց, բայց չեն հերքել փաստը, որ դիմել են Հորդանանի կինեմատոգրաֆիայի թագավորական հանձնաժողովին։
«Հանձնաժողովի որոշման արդյունքում ֆիլմը չներկայացվեց «Օսկար»-ի, և Հորդանանում ֆիլմի ցուցադրումը դադարեցվեց: Մենք ողջունում ենք հորդանանյան կողմի այդ որոշումը»,- հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։
Deadline-ը նոյեբերի 9-ին գրել էր, որ Հորդանանը, Ադրբեջանի ճնշման տակ, հետ է կանչել Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը «Օսկար»-ի «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգից։ Հրատարակությունը գրել էր, որ Ադրբեջանի կառավարությունը նամակ էր հղել Հորդանանի ԱԳՆ-ին՝ «Օսկար»-ին մասնակցելու համար ֆիլմի ընտրությունը վերանայելու խնդրանքով։
Ֆիլմը պատմում է 11-ամյա Վրեժի մասին, որը երազում էր Արցախի իր գյուղում ատամնաբույժ դառնալ։ Վրեժն ու իր ընտանիքը ստիպված էին հեռանալ տնից, երբ կրկին բորբոքվում է հակամարտությունը, բայց պատերազմում պարտվելուց հետո վերադառնում են ավերված հայրենիք։ Տղան բախվում է նոր դաժան իրականությանը և պատրաստվում է ապագա մարտերին՝ փորձելով հաղթահարել իր հույսերի ու վնասվածքների ծանրությունը։