Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Երևանին կոչ է արել ընդունել, այսպես կոչված, «Արևմտյան ադրբեջանական համայնքի բանակցությունների հրավերը՝ ադրբեջանցիների կողմից հայկական տարածքների բնակեցման վերաբերյալ», հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Ըստ նրանց՝ Ալիևը Հայաստան ադրբեջանցիների «վերադարձի իրավունքի» վերաբերյալ կոնֆերանսի մասնակիցներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է թույլ տան ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության այցը՝ երկրի տարածքում «ադրբեջանցիների պատմամշակութային ժառանգության ոչնչացումն ու աղավաղումը մոնիթորինգի ենթարկելու նպատակով»։
Բաքուն Հայաստանի տարածքներն անվանել է «ադրբեջանցիների նախնիների հողեր» և հայերին մեղադրել իրենց «հազարամյա» ժառանգությունը ոչնչացնելու մեջ։ Ալիևն այս ժառանգության մաս է համարում նաև Երևանի կենտրոնում գտնվող իրանական «Կապույտ մզկիթը», որի պատմաճարտարապետական ոճը, իբրև, փոխվել է հենց հայերի կողմից։
Ալիևը կրկին քննադատել է Հայաստանի սահմանադրությունը և երկրի «արագ սպառազինության» հետ մեկտեղ այն գնահատել որպես խաղաղության համաձայնագրի ստորագրման խոչընդոտ։ Նա նաև պարգևատրել է չորս անձի, ովքեր աչքի են ընկել «Արևմտյան Ադրբեջանի իրողությունների» քարոզչության ոլորտում։
Բաքվում անցկացված համաժողովին մասնակցել է ավելի քան 25 դիվանագիտական առաքելություն, որոնք արժանացել են, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի համայնքի անդամության։ Թուրքագետ Վարուժան Գեղամյանը, մեկնաբանելով համաժողովը, նշել է, որ դրա նպատակն է մշակել ադրբեջանցիների կողմից հայկական տարածքների բնակեցման կազմակերպման մեխանիզմներ, ինչի ֆոնին Հայաստանի իշխանություններն անգործության են մատնված։
«Հայաստանի ԱԳՆ-ն և որևէ այլ պետական հիմնարկ, բնականաբար, ոչ մի բողոքի ձայն ու գործողություն չի անի: Ինչո՞ւ: Լավ գիտեք»,- գրել է նա և նշել, որ դեկտեմբերի 4-ին Հայաստանի խորհրդարանում «արդարացրել են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված հանցագործությունները և հեռակա խոստացել, որ չեն պայքարի»։
2023 թվականի հոկտեմբերի 17-ին քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Ալիևը նրանց խոստացել էր «վերադառնալ» Սյունիքի մարզ «ոչ թե տանկերով, այլ մեքենաներով»։ Ապրիլին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել էր 20-րդ դարում Հայաստանից հեռացած ադրբեջանցիների վերադարձի համար պայմաններ ստեղծելու հեռանկարը և նշել, որ դա հնարավոր կլինի խաղաղության պայմանագրի կնքմամբ։
Հունվարի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարությունները ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջների գեներացում էր անվանել։ Ալիևը հայտարարել էր, որ եթե «Զանգեզուրի միջանցք» ստեղծվի, ապա Ադրբեջանից մարդիկ և բեռները «պետք է անցնեն առանց որևէ ստուգման»։ Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր ադրբեջանցիների Հայաստան «վերադարձին» հասնելու ծրագրերի մասին։ Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի խորհրդարանում ստեղծվել էր «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» խումբ։
Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն Armenia Today-ին տված հարցազրույցում խոսել էր Ադրբեջանի և Հայաստանի միջև լայնածավալ պատերազմի հավանականության մասին և էսկալացիայի ռիսկը կապել դրա համար գաղափարական հիմքի ստեղծման հետ, որը «վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսությունն է։ Ըստ քաղաքագետի՝ Բաքուն այս հայեցակարգն օգտագործում է Հայաստանը հնարավորինս թուլացնելու իր փորձերի շրջանակում, և դա ուզում է անել հնարավորինս շուտ, քանի դեռ մինչև տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը չի փոխվել։