Այսօրվա դրությամբ կատարվել է 6049 թեստ, դրական դեպքերի թիվը 764 է, գրանցվել է 9 մահ։ Այս մասին կառավարության սեպտեմբերի 16-ի նիստում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա նշեց, որ դելտա շտամի պատճառով ունենք մահացության, ծայրահեղ ծանր և ծանր դեպքերի համամասնության մեծացում։
«Մեզ մոտ ծավալված 2044 մահճակալներից զբաղված է 1860-ը։ Միայն վերակենդանացման բաժանմունքում 319 մահճակալից զբաղված է 289-ը։ Սա ողջ աշխարհում նկատվող տենդենց է։ Հիվանդանոցային զբաղվածության 97 տոկոսն այն քաղաքացիներն են, որոնք չեն պատվաստվել կամ ստացել են միայն առաջին չափաբաժինը»,- ասաց Ավանեսյանը՝ նշելով, որ մեր գերխնդիրը ծանր ու ծայրահեղ ծանր դեպքերի մակարդակը նվազեցնելն է, իսկ դա հնարավոր է պատվաստվելու միջոցով։
Խոսելով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նոր օրենքի մասին՝ Ավանեսյանն ասաց, որ բոլոր միջոցառումները պետք է դիտարկել ամբողջության մեջ։ Ավանեսյանն օրինակ բերեց սահմանային գոտում ՊՇՌ թեստեր հանձնելու կարգը՝ ասելով, որ այն լավագույն ֆիլտրն էր, որը օգնում էր նվազեցնել վարակելիությունը։ Այդպիսի ֆիլտր է նաև 14 օրը մեկ վարակված չլինելու հավաստումը։
Խոսելով քաղաքական պաշտոն զբաղեցրած մարդկանց պատվաստվելու մասին՝ նախարարն ասաց․
«Պետական ապարատի աշխատակիցներն առանց հոկտեմբերի 1-ին սպասելու ակտիվ պատվաստվում են, այդ ցուցանիշը 80 տոկոսից ավելի է»։
Օրենքը, ըստ նախարարի, հավասարապես վերաբերվելու է բոլորին։ Նա ապավինում է հանրային բարձր գիտակցությանը և լիահույս է, որ ապագայում օրական 19 մահի ցուցանիշը կիջնի։