ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է գյումրեցի արվեստագետների և արհեստագործների հետ: Նրանք անձամբ են ցանկություն հայտնել հանդիպել Գ. Ծառուկյանի հետ ու խոսել իրենց մտահոգող հարցերի մասին:
Գագիկ Ծառուկյանը զրույցի սկզբում ներկայացրել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ԲՀԿ նախընտրական ծրագրի մի քանի հիմնադրույթներ՝ առաջինն առանձնացնելով պետության անվտանգության հարցը:
«Դրա համար Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական փաստաթուղթ պետք է ստորագրվի, որ մեր ժողովուրդը ապահով լինի, սահմանը՝ անվտանգ: Երկրորդը աշխատատեղերի հարցն է, որ ներդրում լինի»,-ասաց նա:
Որպես կարևորագույն խնդիր նա առանձնացրել է մեծ թվով վարկառուների խնդիրը:
«Մոտ 2 մլն վարկառուի պետք է միանգամից ներում շնորհվի, հնարավորություն տրվի այս վիճակից դուս գալ: Պետք է թոշակը բարձրացվի: Ուսանողը վարձավճարի պատճառով չպետք է համալսարանից դուրս մնա»,-ասել է ԲՀԿ առաջնորդը:
ԲՀԿ-ական առաջնորդը նշեց՝ պետությունը պետք է երիտասարդ ընտանիքների համար անտոկոս և առանց կանխավճարների բնակարանների ծրագիր իրագործի:
Անդրադառնալով Գյումրիի տնակներում բնակվող ընտանիքներին բնակարաններով ապահովելու խնդրին՝ Ծառուկյանը նշել է. «Եթե ես կարողանում եմ 4 ամսում 20 հատ բարձրահարկ շենք կառուցեմ, պետությունը պետք է ժողովրդին 50 հատ բարձրահարկ շենք կառուցի, վերջանա գնա»: