Այն պաստառների մասով, որոնք այս պահին փակցված են․ այս պահին Ընտրական օրենսգրքի իրավանորմի խախտում չենք արձանագրել։ Եթե քարոզարշավի մեկնարկից հետո խախտումներ լինեն, միանշանակ է լինելու արձագանքը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Հարցին՝ ինչպե՞ս կազդեն Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ընտրական գործընթացի վրա՝ նա ասաց, որ իրենց հիմնական խնդիրը հանրությանն այդ փոփոխությունները տեղ հասցնելն է։
«Տեղի է ունենելու վիճակահանություն, որի ընթացքում յուրաքանչյուր կուսակցություն կստանա իր համարը։ Բացի դրանից քվեաթերթիկները կողքի հատվածներում կունենան համապատասխան սև նիշ, որն ամեն մի կուսակցության համար տարբեր բարձրության վրա է: Դրա նպատակն այն է, որ եթե դրանք տեղադրվեն տարբեր փաթեթների մեջ, անմիջապես կողքից հնարավոր լինի տեսանելի կերպով տարբերել, որ այդ խրձում կան նաև այլ քվեաթերթիկներ»-ասաց նա:
Տ․ Մուկուչյանն անդրադարձավ ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության գործողություններին, որոնք բնորոշ են նախընտրական քարոզչությանը։
«Քարոզչությունը սուբյեկտից զատ չէ։ Պետք է ունենանք թեկնածու, որին պետք է վերագրենք քարոզչությունը։ Եթե չկա առաջադրում, հետևաբար, չկա նաև թեկնածու։ Ըստ այդմ՝ նրանց նկատմամբ հնարավոր չէ կիրառել քարոզչության էլեմենտներ, որևէ իրավանորմ։ Եվ հենց այդ տրամաբանության մեջ է ԸՕ-ն»,-հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում․